Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 7

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը. 7
06.02.2026 | 12:45

Սկիզբը՝ այստեղ

«ՈՒղեղի մորմոք». մարմնավորված Նաիրիի և պատրանքների բախումը

Հիշյայ շարքի յուրաքանչյուր հրապարակում ոչ թե հապճեպ գրված, այլ երկարատև փնտրտուքի, տարբեր քննարկումների, մտորման և նյութի լուրջ ուսումնասիրության արդյունք է։

Բացառություն չէ նաև այսօրվա գիրը, որն առիթ էր մեկ անգամ ևս շրջելու «Երկիր Նաիրիում», առնչվելու չարենցյան հանրահայտ կերպարներին ու ներկայիս իշխողների շարքերում գտնելու մազութի համոներին, մեռելի ենոքներին, տելեֆոն սեթոներին, առանց բացառության` բոլորին-բոլորին:

Տեր Հուսիկ Խաչագողի բառերով` ձուկ բռնելու հույսով «խլնքոտ» քթերն ամեն տեղ խոթող ու ջուր պղտորողներին:

Խոստովանեմ՝ ինչպես միշտ, այս անգամ էլ ուզում էի, թեկուզ և ինձ համար, պարզել՝ կարո՞ղ եմ կարդալ գրքի տողատակերից երբեմն-երբեմն ծիկրակող «շտրիխ-կոդերը»։

Հույս ունեի, թե ճշտելով վեպի հիմնական պին-կոդը, ի վերջո, կգտնեմ, անվերապահորեն, յուրաքանչյուր հայի մտահոգող գլխավոր հարցի պատասխանը՝ կա՞ ելք մեզ կլանող-հյուծող շրջապտույտից, թե՞ «Երկիր Նաիրին» մեր հավերժական ճակատագիրն է։

Հաջողվե՞ց գտնել։

Չգիտեմ։

Կարող եմ ասել միայն այն, ինչ պարզ էր դեռևս ուսանողական տարիներից (համենայն դեպս, ինձ համար)՝ «Երկիր Նաիրին» ոչ թե սոսկ գրականություն է, այլ մարգարեություն։

Նաև ներքին մորմոքի ու անհասկանալի փնտրտուքների վայր։

Հոգեպես հյուծող ցավ, որ արյան կանչով ժառանգել եմ իմ էրզրումցի (Կարին) տատ ու պապերից։

ՈՒ ցավն ավելի սուր է դառնում, երբ Պոլիշինելի անանցյալ-անհայրենիք ինչ-որ ծաղրանկարներ սրբացնում են թուրքին, հարցականի տակ դնում ցեղասպանության փաստը։

Գուցե և, մարմնիս յուրաքանչյուր բջջում թաքնված ներքին այդ ցավն է օգնում ընկալելու՝

«Երկիր Նաիրիի» ամենաողբերգական, խորքային շերտը ժառանգական հիշողությունն է։

ՈՒ երբ, կարևոր չէ՝ որերորդ անգամ, վեպը կարդում է կորսված Կարինի (ընդհանրապես բռնագրավված հայրենիքի) շունչն ու արյունը գեներով կրող մեկը, «Երկիր Նաիրին» դադարում է լինել քաղաքական երգիծավեպ, այն դառնում է անտեսանելի բաց վերքի վրա լցված աղ։

Կարսի փողոցներում մանկություն ու պատանեկություն անցկացրած Չարենցը սրտի ու հոգու վրա էր զգացել «աղի» առաջացրած անմիջական մրմուռը, յուրաքանչյուր բջջով ըմբռնել, թե ինչ է նշանակում տեսնել հայրենիքի կորուստը, երբ բարձրագոչ՝ «Արցախը Հայաստան է և վե՜րջ» ֆալցետային ծղրտոցին հաջորդում են հանցավոր անգործությունը, լռությունն ու գաղթի ճամփան։

Պատահակա՞ն էր, արդյոք, ոմն տիկնոջ «մոռացկոտությունը», երբ տարիներ առաջ Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռում «մոռացավ» հատկապես «Երկիր Նաիրին»։

Այդ դրվագը, որն առաջին հայացքից կարող էր թվալ որպես սովորական ցրվածություն կամ PR հնարք, Չարենցի գաղտնագրի համատեքստում ստանում է գրեթե սիմվոլիկ-ծիսական նշանակություն։

Ոչինչ պատահական չէ, երբ գործ ունենք բրածո այնպիսի «տեսակի» հետ, որը Չարենցի նկարագրած «նաիրյան» ժամանակակից թատրոնի գլխավոր դերակատարուհին է։

Նա ու մյուս բոլոր ուրացողները ձգտում են «մոռանալ» Չարենցի պատկերած ողբերգությունը, որպես հնամաշ իր թողնել անցյալում, որպեսզի ազատորեն սրբացնեն թուրքին և կառուցեն իրենց՝ հիշողությունից զուրկ, անանցյալ ապագան։

Մինչդեռ Չարենցը «հիշողություն» է, իսկ հիշողությունը խանգարում է «նոր» ու անդեմ ապագայի կառուցմանը։

Հետևապե՞ս․․․

Սակայն Չարենցը Չարենցն է.․․

Նրա գիրը հնարավոր չէ պարզապես «թողնել» ինքնաթիռում և ազատվել դրանից։ Եթե դու մոռանում ես «Երկիր Նաիրին», դու դառնում ես դրա զոհը։

Նաիրին չի ներում։

Չարենցի վեպը «մոռանալու» կամ «կորցնելու» գիրք չէ, այն հայկականության բարդ կոդն է՝ իր ողբերգությամբ ու անելանելիությամբ։

Նաիրին այնպիսի տարածք է, որը թույլ չի տալիս իրեն լքել առանց հետևանքների։

Իսկ նա, ով իրեն երևակայում է «ճակատագիր տնօրինող» կամ «ապագա կերտող», իրականում հենց ինքն է դառնում գործիք, որը, ստանձնած դերը կատարելուց հետո, անվերապահորեն շպրտվելու է՝ որպես ժանգոտված ու շարքից դուրս եկած մի իր։

Այն պահին, երբ ինքնահռչակ «առաջին տիկինը» կարծում է, թե վեր է այդ գրքից, նա անդառնալիորեն խրվում է Մազութի Համոյի կամ Շիկահեր Դդումի կերպարի մեջ։

Ինչպես վեպում նաիրյան քաղաքը կործանվեց, երբ «ղեկավարները» զբաղված էին սեփական կերպարի հղկմամբ ու «կլուբային» անհոգությամբ, այնպես էլ այսօր՝ գիրք «կորցնողներն» իրականում վաճառում են մեր պետակականության հիմքերը։

Հետևապես, սա մոռացկոտություն չէ, սա որպես պատահականություն փաթեթավորված հետևողական ուրացում է։

Իմ էրզրումցի տատ ու պապերի արյան կանչը հենց այն զորությունն է, որը թույլ չի տալիս, որ այդ «մոռացված» գիրքը դառնա լոկ թափոն։

Օրվա լարախաղացները, իհարկե, կարող են մոռանալ այն ինքնաթիռի նստատեղին, բայց երբեք չեն փախչի այն իրականությունից, որը Չարենցը կանխատեսել էր դեռևս մեկ դար առաջ։ Նաիրին հիշողություն է, իսկ հիշողությունից փախչողը միշտ վերադառնում է նույն կործանարար կետին։

Այնպես որ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին՝ պոլիշինելների արու և էգ հատվածների գործուն մասնակցությամբ, ցմահ կամ 20 տարվա ազատազրկման դատապարտելով, միայն խորացնում են այն վերքը, որը վաղ թե ուշ բացվելու է և արյունահոսելու։

Բանտարկված առաջնորդներն արդեն իսկ դարձել են ուժի, կամքի ու տոկունության խորհրդանիշ։

Իսկ սիմվոլները շատ ավելի վտանգավոր են մազութի համոների ու կլուբի մեյմունների համար, քան ազատության մեջ գտնվող մրցակիցները։

Հայոց ռազմաքաղաքական էլիտայի հետ Բաքվում կատարվածը «Երկիր Նաիրիի» վերջին՝ ամենաողբերգական էջերի կրկին իրականություն դարձած խճանկարն է։

Նաև հավաստումն այն իրողության, որ աշխարհի անտարբերությունը հաստատուն մեծություն է, և հույսը դրսի վրա դնելը հենց այն «նաիրյան հիվանդությունն» է, որի մասին զգուշացնում էր Չարենցը։

Պատմվող դեպքերից շուրջ մեկ դար անց դեռևս նույն կետում ենք՝ Ռուբեն Սևակի բնութագրմամբ՝ «դիվանագետ պոռնիկ Եվրոպայի» ու ամեն ինչ հանդուրժող և կուլ տվող հայ հանրության անտարբեր հայացքի ներքո։

Սա այն պահն է, երբ չարենցյան հեգնանքը վերածվում է արյունոտ իրականության, իսկ Պոլիշինելի «գաղտնիքները» դառնում են ազգային ողբերգություն։

Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների ցմահ կամ տասնյակ տարիների դատապարտումը՝ մեր պետականության խորհրդանշական գլխատումն է։ Չարենցի վեպում, երբ քաղաքն ընկնում էր, նաիրյան «ղեկավարները» կա՛մ փախչում էին, կա՛մ հանձնվում բախտի քմահաճույքին։

Բայց այսօրվա իրավիճակն ավելի դաժան է. հայոց երկրի ռազմաքաղաղական ղեկավարությանը դատում է թշնամին, իսկ Երևանում մազութի համոներն ու մեռելի ենոքները շարունակում են թմրեցնել «խաղաղության դարաշրջանի» մասին պատմվող հեքիաթներով։

Այն, որ այս դատավճիռները հնչում են Աբու Դաբիում սերիական երկու մարդասպանների «խաղաղության մրցանակ» ստանալու ֆոնին, Չարենցի ամենադառը սատիրայի գագաթնակետն է։

Սա այն նույն «կլուբի մեյմունությունն» է, երբ երկիր է կորչում, մարդկանց ճակատագրեր են խեղվում, իսկ իշխանավորները զբաղված են միջազգային հարթակներում կեղծ ժպիտներ փոխանակելով ու սեփական երկրի կործանման համար միակողմանի «շնորհակալություններ» շռայլելով։

«Խաղաղության մրցանակ» ստանալ մի մարդու հետ, ով քո հայրենակիցների ցմահ դատավճիռն է հնչեցնում, ոչ միայն ամոթ է, այլև բարոյական մահդ գուժող զանգի ղողանջ։

Ինչու՞ կործանվեց Նաիրին։

Որովհետև այն դարձել էր «միֆ», իսկ մարդիկ՝ անտարբեր հանդիսատես։

Այսօր էլ հանրության մի մասն անտարբեր ծուլությամբ հետևում է ողբերգությանը։ Վերածվել է սեփական դժբախտության հանդիսատեսի, որի լուռ ծուլությունը ոչ այլ ինչ է, քան դանդաղ գործող ինքնասպանություն, որտեղ մարդն իրեն համոզում է, թե հրդեհն այրում է հարևանի տունը, մինչդեռ կրակն արդեն լիզում է իր իսկ հիշողության արմատները։

Ասես, կատարվողը մեզ չի վերաբերում, ասես, դա «ուրիշ» Նաիրի է։

«ՈՒղեղի մորմոք»։

Այլ կերպ չես բնութագրի, երբ աչքիդ առաջ ուրացվում են Կարինից ու Կարսից մինչև Շուշի ու Ստեփանակերտ ձգվող մեր արյունոտ հետքերը։

Վեպի վերջում Չարենցը հարցնում էր․

«...Մի՞թե Նաիրին — միայն միֆ է, առասպել, վառ երազ, թե՞ մի տեսակ հիվանդություն, որ մենք, հինավուրց ու բազմատանջ մի ժողովուրդ, ժառանգել ենք անցյալի դարերից — մի տեսակ թույն, որ մեր արյան մեջ է...»։

Փոքր ընդմիջումից հետո շարունակում է անողոք հարցադրումը․

«Գուցե Նաիրին — միայն մեր ուղեղների մեջ է, մեր երազների մեջ, մեր մենավոր հոգիների խորքում... Գուցե Նաիրին միայն մեր արյունն է — մեր արյունը, որ հյուծվել է դարերի ընթացքում...»։

Դաժա՞ն է։

Անշուշտ՝ արտասվելու աստիճան։

Չարենցը, սակայն, հարցականի տակ է դնում ոչ թե հայրենիքի գոյությունը, այլ այն «նաիրյան» հիվանդագին պատկերացումը, որը մեզ ստիպում է ապրել երազանքներով, մինչդեռ իրական երկիրը քանդվում է մեր ձեռքերով ու մեր ձեռքերում։

Վեպի վերջին նախադասությունները նույնպես չափազանց խորհրդանշական են։ Նկարագրվում է, թե ինչպես է հեռանում Նաիրին՝ թողնելով խեղդող դատարկություն.

«...Եվ չկա՛ր Նաիրին. կա՛ր միայն մի մոխրագույն քաղաք, որտեղ մարդիկ իրար միս էին ուտում և սպասում էին... անհայտին»։

Բառեր, որ սարսուռ են առաջացնում։ Չարենցն ասես տեսնում էր մերօրյա «մոխրագույն» իրականությունը, որտեղ հանրային դաշտում «իրար միս են ուտում», իսկ պետականության փլատակների տակ հայտվածները սպասում են ինչ-որ անհայտ ու անհասկանալի «խաղաղության» կամ «հրաշքի»։

Փնտրվող «գաղտնագրի» բանալին, կարծում եմ՝ Չարենցի այն հուշումն է, թե Նաիրին կփրկվի միայն այն ժամանակ, երբ դադարի լինել «արյան մեջ ներծծված թույն» կամ «հիվանդություն» և դառնա իրական երկիր՝ իրական պատասխանատվությամբ։

Մինչդեռ ներկա անցուդարձը փաստում է՝ հայկական պետականությունը պատրանք է այս թմրամոլ ու հարբեցող ծաղրածուների ձեռքում։ Իսկ Բաքվի բանտերում տառապող մեր հայրենակիցներն այսօրվա իրական, մարմնավորված Երկիր Նաիրին են, որ դավաճանվել են հանուն «խաղաղության» միրաժի։

Եվ եթե այս դատավճիռն ու անբարո «մրցանակը» չսթափեցնեն մեզ, ապա չարենցյան վերծանված «գաղտնագիրը» կդառնա մեր կոլեկտիվ գերեզմանաքարի մակագրությունը՝ որպես վկայություն այն իրողության, թե՝ մի ազգ ունենալով ճշմարտության բանալին՝ նախընտրեց մնալ իրեն կործանող պատրանքների գերին։

Ինչպիսին կլինի մակագրությու՞նը։

Եթե չսթափվենք, ապա աներկբայելի է՝ հայոց պատմությունը կավարտվի ոչ թե վերածննդով, այլ տապանաքարին գրված մի նոր «Ողբ»-ով․

«Աստ հանգչի մի ժողովուրդ, որն ուրացավ իր մարմնավորված հայրենիքը հանուն միրաժի և վաճառեց իր սուրբ նահատակներին «խաղաղության» կեղծ պարգևների դիմաց։

Նա սիրեց Նաիրին որպես առասպել, բայց ատեց այն որպես պետություն՝ սեփական անտարբերության մոխրագույն փոշու տակ ստանալով հավերժական լռություն»։

Տողերը ֆիզիկական ցա՞վ են պատճառում։

Ինձ էլ։

Բայց այլ կերպ չես կարող մտածել, երբ բախվում են Բաքվում կայացած դատավճիռն ու Չարենցի նշած նաիրյան ցինիզմը։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ